4 մայիսի 2017 - 12:55 AMT
ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարը չի խախտվել

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

ԱՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: