Հայկական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակներից մեկի՝ տոլմայի ամենամյա 7-րդ փառատոնը կանցկացվի մայիսի 20-ին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն Տոլմայի համահայկական փառատոն է կազմակերպում 2011-ից, որի մասնակիցների թիվը գնալով աճում է:
2017-ին փառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, կանցնի Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվինի պեղումների վայրից ոչ հեռու: Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող ազգային խոհանոցի ռեստորանները, հասարակական կազմակերպություններ և խոհարարներ:
Տոլմայի փառատոնի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել տոլման աշխարհում, բացահայտել տոլմայի պատրաստման անհայտ եղանակները: Փառատոնն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով:
Տոլմա անվանումը գալիս է ուրարտական ‹‹տոլի›› բառից, որը նշանակում է խաղողի տերև: Սննդի հայտնի պատմաբան Վիլյամ Պոխլյոբկինի կարծիքով, տոլման առաջացել է Հայաստանում: Նա նշում է, որ Հայաստանի բաժանումը Թուրքիայի ու Իրանի միջև հանգեցրեց նյութական ռեսուրսների, սակայն ոչ մշակույթի, այդ թվում՝ խոհանոցի անկմանը: «Ընդհակառակը, հայերը ներդրում ունեցան սելջուկների խոհանոցում, ինչի հեըևանքով բազմաթիվ հայկական ուտեստներ, ինչպիսին է, օրինակ, տոլման, Եվրոպայում հայտնի դարձան թուրքերի միջոցով» , - նշում է նա: