Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:
Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Գրիգորյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետև առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):