5 մայիսի 2017 - 10:26 AMT
Հայազգի արշավորդուհի Թելմա Ալթունը Հայաստանից ոտքով կգնա Արցախ

Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը պատրաստվում է Հայաստանից ոտքով մոտ 280 կիլոմետր անցնել դեպի Արցախ։ Երկու երեխայի մայր, 42-ամյա Թելմա Ղազարյան Ալթունը նախկինում բազմիցս է մասնակցել արշավների` հայկական եռագույնը ձեռքին, մինչդեռ առաջին անգամ է ճանապարհ կտրելու հայրենիքում։

Թելմայի արշավը մեկնարկելու է հունիսին Վարդենիս քաղաքից, որտեղից նա «Ճանապարհ» կոչվող արշավային երթուղով անցնելու է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք։ Նշվում է, որ արշավի ընթացքում նախատեսված են կանգառներ մի քանի քաղաքներում ու գյուղերում, որտեղ նա մտադիր է շփվել տեղաբնակների հետ, իսկ ամբողջ եթուղին Ալթունը մտադիր ավարտել երեք օրում, հաղորդում է Panorama.am-ը Asbarez.com-ին հղումով։

«Ժամանակն է, որպեսզի պարտքս տամ հայրենիքիս», - ասել է Թելման ու ավելացրել. «Բազմաթիվ երթուղիներ եմ անցել ամբողջ աշխարհով, բացի հայրենիքիցս։ Ժամանակն է վերջապես քրտինք ու արցունք թափել նաև հայրենի հողի համար»։

Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ: