Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Արցախում «Թումո-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկն է տրվել:
Բացմանը ներկա է գտնվել աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին հայկական երկու հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ:
Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայող:
ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է փետրվարից. «Թումո-բանակը» մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:
Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նախագծի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը: