10 մայիսի 2017 - 12:38 AMT
Հնգյակից աղջիկների վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, տղայինը՝ ծայրահեղ ծանր

Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակ երեխաներից ողջ մնացած երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Դրականն այն է, որ իրենց վիճակում վատացման միտում չկա: Աղջիկներից մեկն արդեն մինչև 5 գրամ կրծքի կաթ է ստանում, տղայի վիճակում փոփոխություն չկա: Այս ընթացքում մեր մասնագետները կապի մեջ են ամերիկյան գործընկերների հետ, բայց նշեմ, որ մեր մասնագետները նույնպես միջազգային մակարդակի փորձագետներ են», - հայտնեց Հայթայանը:

Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: