Ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը՝ մանրամասնելով, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:
Նշվում է, որ, այսպիսով, մեղադրյալները չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը:
Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:
Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ (50 կգ) ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց, իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան:
Այսպիսով, Հ. Ֆ.-ի, Ա. Ե.-ի, Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին և Գ. Թ.-ին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:
Ավելի ուշ, Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: