Մայիսի 10-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի մեքենան:
«Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը»,-հայտնում է «Հորիզոն» լրատվականը:
Հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանի խոսքով, գիշերն օպերատորին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է, հաղորդում է A1plus.am-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի՝ մոտ 10 տանկ, տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները: