13 նոյեմբերի 2007 - 18:53 AMT
Ադրբեջանում քաղաքական մակարդակի է բարձրացվել ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ու կույր ատելությունը
Դժվար է որակել որպես մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի արտահայտությունները Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունների հարցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր կարապետյանը:
«Զավեշտական է նաեւ, որ տեղական լրատվամիջոցի կողմից օրերս ստախոսության մեջ մերկացված պաշտոնյան, ով նաեւ կրում է դիվանագիտական կոչում, փորձ է անում դատողություններ անել հարեւան պետության ղեկավարներից մեկի գնահատականների վերաբերյալ: Ցավում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ժառանգել է ոչ միայն իր նախորդի ոճն ու մեթոդները, այլեւ իր ղեկավարության բարոյական կեցվածքը: Կարծես թե նման ոճը ավանդական է դարձել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Թերեւս ավելին սպասել չէր կարելի մի երկրից, ուր քաղաքական մակարդակի է բարձրացվել ազգային փոքրամասնությունների եւ նրանց մշակութային ժառանգության նկատմամբ անհանդուրժողականությունն ու կույր ատելությունը: Ասվածի օրինակները բազմաթիվ են` ներառյալ պատերազմի ամենօրյա սպառնալիքները: Հայաստանի համար կրոնական հանդուրժողականությունը, հարեւան պետությունների հետ համագործակցությունը դատարկ խոսքեր չեն, այլ` համատեղ անցյալ, առօրյա կյանք, ամենօրյա հարաբերություններ եւ միասնական ապագա»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ օրերս Հազար Իբրահիմը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը «հեռու է իրականությունից, եթե գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գլխավոր պատճառը կրոնական գործոնն է»: Իբրահիմը այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ի պատասխան Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որում նա նշել է, որ կրոնական գործոն կա Ղարաբաղի հակամարտության մեջ: