Մայիսի 15-ին ադրբեջանական հրթիռով խոցված ռազմական օբյեկտի բնույթի, վնասվելու աստիճանի ու զոհերի առկայության վերաբերյալ տվյալներն իրարամերժ են: Այս մասին է հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն՝ միջադեպի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին մեկնաբանությունում:
«ՌԴ-ն որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի բոլոր խախտումներն ու կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար», - ասվում է մեկնաբանությունում:
ՊԲ հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, երկրի զինուժը թիրախավորել էր «Օսա» զենիթահրթիռային համալիր: