Գերմանիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիա ուղևորվել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել, որը մասնավորապես ուղղված է Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեցող անձանց:
ԱԳՆ-ն զգուշացրել է, որ Թուրքիայում ծագած որևէ խնդրի դեպքում Գերմանիայի հյուպատոսարանները, հնարավոր է, չկարողանա օգնություն ցուցաբերել, թուրքական Diken.com.tr լրատվականին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը:
Միաժամանակ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ 2016թ. հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում հեղաշրջման փորձի կազմակերպման կամ Գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով քաղաքացիներին հաճախ արգելվեում է դուրս գալ երկրից: Ընդ որում, այդ մեղադրանքները կարող են ուղղված լինել նաև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձանց:
ԱԳՆ-ի հայտարարությամբ հիշեցվել է նաև, որ 2017թ. առաջին քառորդում Գերմանիայի մի շարք քաղաքացիների առանց որևէ հիմնավորման արգելվել էր մուտք գործել Թուրքիա: Երկար ժամանակ ձերբակալված մնալուց հետո այդ մարդիկ հարկադրված էին եղել վերադառնալ Գերմանիա:
Թուրքիայի ներքաղաքական զարգացումների պատճառով Գերմանիան ավելի վաղ ևս պարբերաբար նմանատիպ հայտարարություններ է հրապարակել՝ ուղղված այդ երկիր մեկնել ցանկացող իր քաղաքացիներին: Վերջին այդպիսի զգուշացումը կատարվել էր ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրերին՝ հնարավոր ցույցերից և ներքաղաքական լարվածություններից հեռու մնալու կոչով: