16 նոյեմբերի 2007 - 19:35 AMT
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հրաժարական է տվել առողջության պատճառով: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունում առկա աղբյուրը: Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծրագրում է հայտարարություն անել այդ կապակցությամբ: Ըստ վրացի լրագրողների, վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից է Վրաստանի բանկի խորհրդի նախագահ Լադո Գուրգենիձեն:

Վրաստանի խորհրդարանում հաստատում են Նողաիդելիի պաշտոնաթողույան մասին տեղեկատվությունը: Իրավական հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Լեւան Բեժուաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «կառավարության ղեկավարը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»:

«Սակայն նախագահի իրավասության տակ է հրաժարական մասին որոշման ընդունումը»,- ասել է Բեժուաշվիլին:

2007 թվականի գարնանը Նողաիդելիին ԱՄՆ-ում սրտի բարդ վիրահատություն են արել եւ բժիշկները խորհուրդ են տվել կառավարության ղեկավարին խուսափել գերհոգնածությունից:

Նշենք, որ ըստ Վրաստանի Սահմանադրության, կառավարության ղեկավարի պաշտոնաթողության պահից ի վեր պաշոտնաթող են արվում բոլոր նախարարները: Նախագահը մեկ շաբաթվա ընթացքում պետք է վարչապետի պաշտոնի նոր թեկնածու ներկայացնի խորհրդարան: Վարչապետի պաշտոնի թեկնածուն տասն օրվա ընթացքում նոր կառավարություն է ձեւավորում եւ ներկայացնում խորհրդարան հաստատման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: