2017-ին շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաև նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Նա զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին:
Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման նպատակով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի իրականացմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:
Նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է նաև հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել և շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատչելի ռեսուրսներով ապահովելու, պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության և գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել, բարելավել գինու արտադրանքի որակը, բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը և խթանել արտահանումը:
Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաև ապահովագրական համակարգի ներդրման, մթերման գործընթացի կանոնակարգման, անտառպահպանական ծառայությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև Սևանա լճի ավազանում ձկան և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման ծրագրերի ընթացիկ ու ակնկալվող արդյունքները, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի խթանմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանրապետության նախագահի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին զեկուցված հարցերի վերաբերյալ տրվել են նաև մի շարք այլ հանձնարարականներ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստորարել են հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում
Ընթերցեք նաև. Վարչապետը` գյուղոլորտի մասին. Պետք է հասկանալ` ինչի համար ենք ծախսում և ինչ է լինելու արդյունքում