21 նոյեմբերի 2007 - 19:29 AMT
Թուրքական Gunes թերթը հրապարակել է «ընդլայնված» Թուրքիայի սկանդալային քարտեզը
Այսօր թուրքական Gunes թերթը իր առաջին էջին հրապարակել է Թուրքիայի նոր քարտեզը, որի վրա թուրքական տարածքին կցված են հարեւան պետություններն ու տարածքները, այդ թվում` Հայաստանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, «Դուք ասում եք քարտե՞զ: Ահա այն» հոդվածում թերթը գրում է, որ տվյալ քարտեզը հանդիսանում է պատասխան ինտերնետում, մասնավորապես InHomage.com կայքում տեղակայված մասնատված Թուրքիայի քարտեզին: Իր հերթին, InHomage.com-ը բացատրել է, որ տվյալ քարտեզում ներկայացված են 1920 թվականին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից որոշված սահմանները` Սեւրի պայմանագրի կնքման դրությամբ:

Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այսպես կոչված իրավարարական որոշում է ստորագրել հայ-թուրքական սահմաների հարցով: Բացի այդ, Սեւրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը մի քանի մասի էր բաժանվում: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի եւ Մոսուլի հետ մեկ տեղ անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողությանը, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանը առաջարկվել է ԱՄՆ-ին, սական Կոնգրեսը հրաժարվել է հաստատել այդ մանդատը: Այնուամենայնիվ, իրավարարական որոշումը վաղեմության ժամկետ չունի եւ չի կարող բողոքարկվել ցանկացած միջազգային դատական ատյաններում: