30 մայիսի 2017 - 09:50 AMT
ՀՀ-ն ու Գերմանիան կարող են համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտներում

Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Այս մասին մայիսի 29-ին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ հանդիպմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:

Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և պատրաստ է քննարկել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն, հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միխայել Հարմսը ողջունել է ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարեփոխմանը նպատակուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գերմանական կողմին տեղեկատվություն փոխանցել առկա ներդրումային ծրագրերի փաթեթի վերաբերյալ և հետևողական լինել հետադարձ կապի հարցում: