3 հունիսի 2017 - 12:32 AMT
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ինքը Թանգյանը AFP-ին տված հարցազրույցում:

Ըստ Թանկյանի, նա ցանկանում է ավելին անել Հայաստանի համար և այժմ մտածում է երկրում երաժշտական փառատոն կազմակերպելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրոպական ամառային փառատոնի մաս կդառնա, որի շրջանակում տարբեր խմբեր կայցելեն երկիր: «Ես միշտ երազել եմ Հայաստանում միջազգային եարժշտական փառատոն կազմակերպելու մասին»,-ասել է Թանկյանը, գրում է Yahoo News-ը:

«Ես կցանկանայի ժամանակ գտնել արվեստի ու երաժշտության հարցերի համար քաղաքական ու սոցիալական հարցերին զուգահեռ»,- ասել է երգիչը:

Անդրադառնալով System of a Down-ի 2015-ի հայաստանյան համերգին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Թանկյանն ասել է, որ նայելով համերգի եկած երիտասարդ հայերին, հիշում էր Ցեղասպանության զոհ դարձած իր նախնիներին և այդ պահին իր խումբը համարում էր «հնի ու նորի միջև կատալիզատորի մաս»:

«Զգացողություն կար, որ կարծես մեր ամբողջ կարիերան կայացել է միայն այդ մեկ համերգի համար»,-ասել է Թանկյանը:

2015-ին տեղի ունեցավ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: Այն մեկնարկեց ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում էր համերգներ աշխարհի 14 բեմում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:

Խումբը հայտարարել էր, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: