Հունիսի 3-ին՝ տեղի ժամանակով 01։00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախնական տվյալներով 37 մարդ է տուժել, որոնցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց։
ՀՀ արտգործնախարարությունը ճշտում է՝ արդյոք պայթյունի հետևանքով տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դեսպանությունից հարցում ենք կատարել, բայց դեռ պատասխան չենք ստացել: Սպասում ենք»,- ասաց խոսնակը։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը։