6 հունիսի 2017 - 12:11 AMT
Միջազգային կոալիցիայի հարվածներից Ռաքքայում 21 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիական Ռաքքայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:

Ըստ կազմակերպության տվյալների, ավիահարվածի ժամանակ խաղաղ բնակիչները փորձելիս են եղել հեռանալ քաղաքից ջրային ճանապարհով՝ Եփրատ գետով, գրում է Deutsche Welle-ն:

Բնակչությունը փորձում է հեռանալ Ռաքքայից ԻՊ դեմ լայնածավալ գրոհի մեկնարկից առաջ: Մոտ ժամանակներս ԱՄՆ աջակցությամբ սիրիական ընդդիմության միությունն ու քրդական կազմավորումները մտադիր են մեծ գրոհ սկսել՝ նպատակ ունենալով դուրս մղել ջիհադականներին Ռաքքայից: Ըստ կոալիցիայի տվյալների, այդ պատճառով արդեն մոտ 200.000 մարդ հեռացել է քաղաքից:

Իրավապաշտպանները մեղադրում են դաշնային ուժերին վերջին շրջանում խաղաղ բնակչության թվում զոհերի աճի համար և կապում են դա ԱՄՆ նախագահ Թրամփի նոր, ավելի արմատական մոտեցման հետ ահաբեկիչների դեմ պայքարին: Պենտագոնն այդ մեղադրանքները հերքում է: