Երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 11.1%-ով՝ 2016-ի մայիսի նկատմամբ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփել է մայիսյան աշխատանքի արդյունքները:
Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը կատարվել է 16.1%-ով: Բեռնման մակարդակը 12.7%-ով գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 24.2%-ով:
Արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 6.8%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 2 ժ.7%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում անցյալ տարվա մայիսի նկատմամբ աճել են 14.1%-ով, իսկ ներկրումը՝ 7.3%-ով:
2016-ի մայիսի հետ համեմատ գնացքի միջին քաշն ավելացել է 1.2%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը ավելացել են 5.8% և 10.8% համապատասխանաբար, իսկ տեղամասային և տեխնիկական արագությունները տարվա կտրվածքով ավելացել են 2.3% և 3.8%:
Արագացվել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,7 օր՝ նախատեսված 2,83 օրի դիմաց: Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 1068 գնացք, որից 1055-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար գնացքների չվացուցակը կատարվել է 93,3%, ներհանրապետական էլեկտրագնացքներինը՝ 98,4%, իսկ բեռնատար գնացքներինը՝ 99,2%-ով: Ս.Վալկոն հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորել է անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու ամսում գծի բալային գնահատականը բարելավել է 4 կետով՝ կազմելով 86 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է փայտե 950 նոր և 490 հնամաշ, ինչպես նաև երկաթբետոնե 2.6 հազար նոր և 170 հնամաշ կոճ, նախագծա-կանխարգելիչ վերանորոգում անցել 21 կմ գիծ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: