29 նոյեմբերի 2007 - 15:28 AMT
Մոսկվան բացատրել է Բաքվին, որ ռուսական սպառազինությունը Ղարաբաղում չի տեղակայվում
Բաքվում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին հայտնվել է «ադրբեջանական կողմի մտահոգությունն այն հարցում, թե հայերը կարող են կիրառել Հայաստանում առկա ռուսական զենքը»: Այդ մասին այսօրվա մամլո ասուլիսում հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Նա նշել է, որ ռուսական ռազմակայանի զենքը ռուս զինծառայողների ձեռքում է եւ ադրբեջանական կողմը մտահոգվելու պատճառներ չունի: «Բացի այդ Բաքվում բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի այն մտահոգությանը թե ռուսական զենքը տեղաբաշխվում է Լեռնային Ղարաբաղում: Ռուսական զենքը այդ տարածքներում չի տեղակայվում»,-ասել է նա: Ռուսաստանի դեսպանը պարզություն է մտցրել նաեւ Հայաստանում Ռուսաստանի կողմից երկրորդ ռազմակայան կառուցելու մտադրության վերաբերյալ հարցում: «Ռուսաստանը երկրորդ ռազմակայան չի կառուցելու Հայաստանում»,-հայտարարել է Վասիլի Իստրատովը, հաղորդում է Day.az-ը: