9 հունիսի 2017 - 17:49 AMT
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը էքսպոյի շրջանակներում կայցելի նաև հայկական տաղավար:

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն է հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:

Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել էր, որ «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած հաջողությունները ներկայացնելու ﬕջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար: Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի ﬔջ առավելագույնս ներկայացվել: