Կատաղի, ոռնացող ծայրահեղական իսլամի մթնոլորտում պետք է մտածել Ղարաբաղի մասին Այդ մասին հայտարարել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովն Արցախի վերաբերյալ իր գրառման մեջ:
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Լիմոնովն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում:
Լիմոնովը Ղարաբաղն անվանում է քրիստոնյա աշխարհի ամենահեռավոր հողակտորը մոլորակի այդ հատվածում:
«Կատաղի, ոռնացող ծայրահեղական իսլամի մթնոլորտում պետք է մտածել այդ հողի մասին», -ասել է գրողը՝ հանդիմանելով ռուսական կողմին Ղարաբաղի հարցում պասիվ լինելու համար:
«Ռուսաստանն ընդհանրապես համեստ երկիր է: Փոխանակ բղավենք Ադրբեջանի վրա, ասենք. «Դու՛րս այստեղից, մենք այս հողերը կնվիրենք անկախ Ղարաբաղին, չէ որ սա նրանց հողն է», մենք լռում ենք», -գրում է նա:
Լիմոնովն անդրադարձել է նաև արցախցիների մարտական ոգուն: «Այնտեղ միայն 160.000 բնակչություն կա, բայց ի՛նչ որակի: Լեռնեցի հայերը ամենամարտական ոգին ունեն: Նրանք կարող են մեր բարեկամն ու դաշնակիցը լինել: Չէ որ մենք նրանցից բացի այնտեղ ոչ ոք չունենք»,-գրել է Լիմոնովը:
2017-ի հունիսի սկզբին Էդուարդ Լիմոնովն առաջին անգամ այցելել է Արցախ: Խոսելով իր ուղևորության մասին՝ Լիմոնովն այն բնութագրել է, որպես «իր հակաթուրքական տրամադրվածության արտահայտում»՝ սխալ համարելով ՌԴ քաղաքականությունը Թուրքիայի հարցում:
Արցախում Լիմոնովը հանդիպումներ է ունեցել Արցախի պետհամալսարանի ուսանողների և դասախոսների, հասարակական գործիչների և պաշտոնյաների հետ: Գրողը հայտնել է, որ հոդվածաշար է գրելու Ղարաբաղի մասին, քանի որ Ռուսաստանում խեղաթյուրված են ընկալում Ղարաբաղի հարցը: