Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որի անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելել է այս ճանապարհահատված, աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից. «Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- նշել է Վահան Մարտիրոսյանը։
Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։
Ընտրվել էր հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվել է հիմքը։ Դրանից հետո տեղադրվել է 5 սմ հաստությամբ ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։
Ներկայում վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդգծել է, որ դրանց ավարտից հետո առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:
Ճանապարհը որակով և կարճ ժամկետում հիմնանորոգվել է երեք կազմակերպությունների համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունքում։