13 հունիսի 2017 - 18:39 AMT
Սարգսյանն ընդունել է Էստոնիայի ԱԳՆ նախարարին. Քաղաքական երկխոսությունն ակտիվանալու է

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել և խորացնել քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, զարգացնել համագործակցությունը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում:

Համակարծիք լինելով, որ փոխգործակցությանը պետք է նոր որակ հաղորդել, քանի որ այդ առումով ակնկալիքներն ու ներուժը բավականին մեծ են, Հանրապետության Նախագահը և Էստոնիայի արտգործնախարարն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին:

Արտգործնախարար Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ նախարար Միկսերը նախագահին ներկայացրել է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն ընդգծել է, որ Էստոնիան ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը: Այս մասին հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը, որը պաշտոնական այցով Հայաստանում է իր երկրի՝ Եվրախորհրդում նախագահությունը ստանձնելու նախաշեմին: