Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանրապետության Նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած ոլորտում ակտիվ համագործակցության և գոհունակությամբ է խոսել նախագահ Ռահմոնի այցի շրջանակներում Երևանում կազմակերպված գործարար համաժողովի ու միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին:
Էմոմալի Ռահմոնը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առևտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության, առողջապահության ոլորտները: Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երևանյան գործարար համաժողովին:
Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում նախագահի նստավայրում մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը հուշահամալիրի Հիշողության պուրակում նաև ջրել է իր տնկած եղևնին: