Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:
Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման միջազգային ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձևերով: Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր:
Ավելի վաղ, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին: