8 դեկտեմբերի 2007 - 15:02 AMT
Երկուշաբթի ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Կոսովոյի խնդիրը
Կոսովոյի խնդիրը գլխավորն է լինելու Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա երկուշաբթի Բրյուսելում: Ըստ դիվանագիտական աղբյուրների հաղորդագրությունների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ԱԳՆ ղեկավարները համատեղ նամակ են հղել ԵՄ-ի իրենց գործընկերներին: Նամակում խոսքը գնում է այն մասին, որ Կոսովոյի կարգավիճակի որոշման մասին խոսակցությունների ժամանակն անցել է եւ հետագա բանակցություններն անհեռանկար են:
«Եկել է ժամանակը, երբ Եվրամիությունը պետք է պատասխանատվություն ստանձնի այդ երկրամասի ապագայի համար»,-ասվում է փաստաթղթում:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց փոխըմբռնման հասնել Կոսովոյի խնդրի շուրջ, որի լուծման վերջնաժամկետը ՄԱԿ-ը նշանակել է դեկտեմբերի 10-ին: «Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է մերից»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը Բրյուսելում բանակցությունների ավարտին: Արեւմուտքի դիրքորոշումն այն է, որ չի կարելի անվերջ պահպանել այժմյան ստատուս-կվոն: Ապպաթուրայը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի տեսակետն այն է, որ գործընթացը պետք է առաջ ընթանա, մենք պետք է ձգտենք խնդրի լուծմանը»:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաստատել են, որ 16-հազարանոց զինվորական համակազմը կմնա Կոսովոյում հնարավոր բախումները կանխելու համար: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հաճախ է քննադատվել 2004 թվականի սերբերի դեմ ալբանացիների ապստամբությունները կանխելու իր անկարողության համար: Բռնության բռնկումն այն ժամանակ 19 մարդու կյանք խլեց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: