13 դեկտեմբերի 2007 - 12:32 AMT
EAFJD-ն կոչ է անում Եվրոպայի հայերին մասնակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ կազմակերպվող բողոքի ցույցին
Եվրոպայի Հայկական դաշնությունը (EAFJD) կոչ է անում եվրոպացիներին, Եվրոպայի ոչ կառավարական եւ հայկական կազմակերպություններին մասնակցել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք ցույցին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել EAFJD-ում, Դաշնությունը գտնում է, որ Թուրքիայի հետ բանակցությունների հիմնարար մոտեցման փոփոխությունը «ավտոմատ անդամակցությունից» մինչեւ «անդամակցում ԵՄ-ին կամ արտոնյալ գործընեկորություն» դրական քայլ է:
Դա կրկին քաղաքական բանավեճ է բացում այն հարցի շուրջ թե հանդիսանում է արդյոք Թուրքիայի միացումը Եվրոպային բուն Եվրամիության բնական առաջընթաց: «Նույնիսկ այսօր, երբ եվրոպացիները չեն կարող որոշել, կզարգանան արդյոք հարաբերությունները Թուրքիայի հետ «արտոնյալ գործընկերության» համատեքստում, մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է առավելագույն արտոնություններ ստանալ ԵՄ-ից եւ կօգատգործի բոլոր հնարավոր լծակները տնտեսական եւ ռազմական հզորության ուժեղացման համար»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:
Հոկտեմբերի 15-16 կայացած Եվրոպայի հայերի երկրորդ համագումարում, Դաշնությունն իր դիրքորոշումն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամփոփիչ հռչակագրում: Առաջիկա ցույցը պետք է հաստատի եվրոպացիների հավատարմությունը բարոյական արժեքներին եւ արդարությանը, որոնց վրա հիմնված է Եվրոպան:
«Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը` անդամակցություն թե արտոնյալ գործընկերություն, ԵՄ-ն պետք է էթիկ պարտավորություններ ստանձնի Թուրքիայի հետ հարաբերություններում: Մենք պետք է մեր ձայները հասցնենք Եվրոպայի առաջնորդներին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմանների ցանկում»,-ընդգծել է Չոբոյանը: