2016-ի ընթացքում ավելի քան 8000 անձ ստացել է ԽՍՀՄ բանկերում դրված ավանդների դիմաց փոխհատուցում:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ավանդների դիմաց փոխհատուցում ստանում են տարեցները, ազատամարտիկները՝ անկախ տարիքից, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները»,- ասել է Ասատրյանը, գրում է Yerkir.am-ը:
Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նախասեվում են հաշվառված բոլոր անձանց ավանդի փոխհատուցումները տալ:
2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվել է:
Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետին, ըստ որի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց: