ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ վաղը՝ հուլիսի 1-ին Շուշիում մեկնարկելու է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ արդեն ավանդական դարձած Շուշիի քանդակագործության սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար:
««Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումին մասնակցելու է 10 քանդակագործ 5 երկրից: Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները տեղարդրվելու են Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,-ասել է Գասպարյանը:
2011 թվականից Շուշիում իրականացվում են «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումներ, որոնց մասնակցել են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից և Արցախից:
Անցկացված չորս սիմպոզիումի ընթացքում հայ և օտարերկրացի քանդակագործները կերտել են 52 քանդակ, որոնց մի մասը ցուցադրության են ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակ»-ում, մի մասն էլ՝ Շուշիի և Ստեփանակերտի տարբեր հատվածներում»: