20 դեկտեմբերի 2007 - 18:29 AMT
Թուրքական բանակը պատրաստ է շարունակել սահմանամերձ ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում
Թուրքական բանակը պատրաստ է շարունակել սահմանամերձ ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում քուրդ անջատողականների դեմ պայքարի համար: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Կոկսալ Տոպտանը: Միեւնույն ժամանակ, վարչապետ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել զինված ուժերին Իրաքի տարածքում անցկացված հաջող գործողության համար: Նրա խոսքերով, Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ պայքարում կարեւոր փուլ է հասել: Արդարադատության նախարար Մեհմետ Ալի Սախինը կոչ է արել PPK գրոհայիններին հանձնվել: «Ես հուսով եմ, որ տվյալ ահաբեկչական խմբավորման անդամները հասկանում են, որ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին, պայքարելով անվտանգության ուժերի դեմ: Նրանք պետք է գան եւ հանձնվեն: Մենք պատրաստ ենք վերջնականապես մշակել համաներման մասին օրենքը, որը երաշխավորում է այն անձանց ներումը, ովքեր կամովի թողել են PPK շարքերը եւ չեն մասնակցել կռիվներին»,- ասել է նա, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին զինվորականները մի քանի կիլոմետր խորացել են Իրաքի լեռնային շրջաններում: Գլխավոր շտաբը չի ճշգրտել կոնտինգենտի թվաքանակը, սակայն, որոշ տվյալներով, այն կարող էր կազմել 300-ից 1,5 հազար մարդ: Գործողությունը տեւել է մոտ 15 ժամ: Ավելի վաղ, թուրքական ավիացիան ռմբակոծել էր անջատողականների հենակետերը: