
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:
Սարգսյանը և Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել:
«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, և վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առևտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև: Հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, և մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առևտրային և ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:
Հանրապետության նախագահը ևս բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են հատկապես առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ քննարկելով առկա ներուժը, այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու զարգացման հեռանկարը:
Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«2017 թվականը մեր երկկողմ հարաբերություններում նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Անցած ժամանակահատվածում մեզ հաջողվել է կառուցել սերտ, ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրախությամբ եմ նշում, որ մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում: Հայ-ամերիկյան կապերի սերտացման հարցում, անխոս, մեծ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարումը:
Բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմոլորտ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող՝ ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը:
Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման»,-ասված է ԱՄՆ նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:
1776թ. հուլիսի 4-ի Անկախության հռչակագիրը, այսպիսով, սկիզբ դրեց ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: