Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ է հրապարակել:
«Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Ձեզ ներկայացվող ձայնագրությունում հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը», - ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: