Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2017 գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է հինգերորդ անգամ:
Արդեն 26 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին և Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: