ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։
Աբովյանի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։
Տնօրենը նշել է, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների, քաղաքի ծայրամասերից է մեկնում։
Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։
Հրազդանի նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։
Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։
Այստեղ ևս նախարարը հանձնարարել է դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվել են երթուղային ցանցին և ճանապարհների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
Հուլիսի 11-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարել Երևանի «Կենտրոնական» և «Հարավային» ավտոկայարաններով։