18 հուլիսի 2017 - 18:14 AMT
Քիշ կղզուց դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ կարող են իրականացվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն հուլիսի 18-ին ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի: