19 հուլիսի 2017 - 12:57 AMT
ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը

ՌԴ Դաշնության խորհուրդն ընդլայնված նիստում վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը:

ՌԴ և ՀՀ միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:

Ինչպես ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Թեյմուրազ Մամսուրովը, «միացյալ զորախումբը նախատեսված է ապահովելու ռազմական անվտանգությունը հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»: Միացյալ զորախմբի մաս են կազմում երկու կողմերի ԶՈւ զորքերն ու զորամիավորումներն ու կառավարման մարմինները, ինչպես նաև այլ զորքեր ու զորամիավորումներ, որոնք, գտնվում են «տարածաշրջանում ագրեսիայի անմիջական սպառնալիքի կամ ռազմական դրության ժամանակ՝ հետ մղելու համար հնարավոր ագրեսիան, և նախատեսված են գործելու միասնական հրամանատարության ներքո, միասնական ծրագրով ու պլանով», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագրի իրականացման լիազոր մարմիններ են համարվում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունները, որոնք որոշում են միացյալ զորախմբի կազմը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և պոտենցիալ սպառնալիքների որոշման հիման վրա:

Միացյալ զորախմբի կիրառման պլանավորումն իրականացվում է խաղաղ ժամանակ կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի համատեղ կարգադրության հիման վրա:«Կիրառման ծրագիրը մշակվում է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարության և ռազմակայանի կազմից օպերատիվ խմբի կողմից և հաստատվում է կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կողմից»,-ասվում է բացատրական գրության մեջ:

Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ:

Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ:

Ընթերցեք նաև.ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը