ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին հավանություն է տվել միացյալ զորախմբի մասին ՌԴ հետ համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Օրենքով կապահովվեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Համաձայնագրի իրականացման լիազոր մարմիններ են համարվում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունները, որոնք որոշում են միացյալ զորախմբի կազմը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և պոտենցիալ սպառնալիքների որոշման հիման վրա:
Հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։
«Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», - ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
Համաձայնագրով սահմանվում է նաև, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ: