22 հուլիսի 2017 - 17:18 AMT
Ադրբեջանի բանակի վիրավոր զինվորներից մեկը մահացել է

Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին: Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքին հղումով գրում է Razm.info-ն:

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին հայտնել էին սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր։

Նահիդ Սոլթանովը, ինչպես նաև նրա համածառայակիցը, ում անունը չի նշվում, ծանր վիրավորվել էին հուլիսի 14-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընտանիքի անդամներին ևս չի հայտնել, թե ինչ հանգամանքներում են նրանք վիրավորվել։

Առայժմ երկրորդ զինծառայողի մասին հավելյալ տվյալներ չկան։