Հայաստանից Կարինե Գևորգյաննընդգրկվել է խառնամարտի մրցումներին նվիրված ամերիկյան հանրահայտ The Ultimate Fighter իրապատում շոուի նոր եթերաշրջանի մասնակիցների ցանկում, հաղորդում է MMAjunkie-ն:
Հարցազրույցում Գևորգյանը պատմել է՝ ինչպես է սկսել մարտարվեստով զբաղվել Հայաստանում, ինչ դժվարությունների է հանդիպել.
«Սպորտով սկսել եմ զբաղվել, երբ դեռ երեխա էի: Ամբողջ ընտանիքս էր սպորտով զբաղվում, բայց խառնամարտով սկսել եմ զբաղվել միայն 3 տարի առաջ»,- ասում է նա:
Համեմատելով ԱՄՆ հետ, Գևորգյանը նշել է, որ Հայաստանում խառնամարտն այնքան էլ տարածված չէ. «Ես միակ հայաստանցի կին մարտիկն եմ այս սպորտաձևում, բայց բազմաթիվ տղամարդիկ են զբաղվում սպորտի այս տեսակով»:
Կարինե Գևորգյանը նշել է, որ ուրախ է մասնակցության համար, սակայն էլ ավելի երջանիկ կլինի հաղթելու պարագայում:
Գևորգյանը սիրողական ասպարեզում 23 մարտ է անցկացրել՝ գրանցելով 22 հաղթանակ:
The Ultimate Fighter շոուն պատմում է խառնամարտի մարզիկների մասին, որոնք միասին ապրում են Լաս Վեգասում՝ միևնույն ժամանակ մրցելով միմյանց հետ: Սա շոուի 26-րդ եթերաշրջանն է: