Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել է: Այդ մասին հայտնել է Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով ԱՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։
«Դրանք շատ հագեցած են և մեկնարկել են օգոստոսի 31-ին մոսկվաբնակ արցախցի ճանաչված նկարիչներ հայր և որդի Գրիգորյանների գեղանկարների ցուցահանդեսի բացմամբ: Կլինեն էլի ցուցահանդեսներ: Սեպտեմբերի 1-ին կկայանա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի հավաստմամբ՝ տոնական միջոցառումների շարքում նախատեսված է նաև ծաղկեպսակադրության արարողություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա Դանիել Դեքերի համերգը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում:
Ընթերցեք նաև. «Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի