Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը:
Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ համայնքն արդեն սկսել է այդ գործընթացը:
Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն էՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ: