Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»:
Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդումային ծրագերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին:
Ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ է մշակվել և հիմնված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի» մեթոդաբանության վրա: