Իսրայելի քաղաքացիների մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ Իսրայելը լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, խորհրդարանականներն ասում էին, թե ինչու եք ուզում փչացնել դրանք՝ առաջ քաշելով Հայոց ցեղասպանության հարցը: Երբ Անկարայի հետ հարաբերությունները վատթարացան, ինձ ասացին, որ դեռ ժամանակը չէ, քանի որ հիմա վերականգնում են վատթարացած հարաբերությունները»,-ասել է Ցինկերը, հայտնում է Sputnik-Արմենիան:
Նա խոստովանել է, որ «նյարդայնանում է», երբ պատմական ճշմարտությունը փորձում են խառնել քաղաքականությանը: Ցինկերը հայտնել է, որ Քնեսեթի մշակույթի հանձնաժողովն արդեն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Այնուհետև հարցը կքննարկվի Քնեսթեի ընդլայնված նիստում:
Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության: