20 սեպտեմբերի 2017 - 12:36 AMT
Սարգսյան. ՀՀ-ն պատրաստ է մասնակցել Սիրիայում խաղաղապահների տեղակայման քննարկումներին

Հայաստանը մեծ ցավով է հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ելույթում:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է մեղմել Սիրիայի ժողովրդի ցավը՝ մարդասիրական օգնություն տրամադրելով:

«Պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը»,- ասել է նախագահը:

Նա հավելել է, որ Միավորված ազգերի ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: «Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը»,-ասել է Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է նաև, որ Հայաստանն 2018 թվականի գարնանը կչեղարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Դա արվում է դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում:

ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32):