20 սեպտեմբերի 2017 - 12:52 AMT
Մամեդյարովը Նյու Յորքում ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել չգործակցել ՀՀ հետ

Բաքուն Իսլամական համագործակցության (ԻՀԿ) անդամ երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այս հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար» և սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ: Մամեդյարովը այդ երկրներին նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան:

«Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարներից: