26 սեպտեմբերի 2017 - 17:49 AMT
Մխիթարյանն ակնկալում է հայ երկրպագուների աջակցությունը և հուսով է գոլ խփել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում հայ երկրպագուների աջակցության հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մոսկվայի ԲԿՄԱ հետ խաղում:

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա ԲԿՄԱ -«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Ժոզե Մոուրինյոն 19 ֆուտբոլիստի է հայտագրել:

«Նախորդ խաղաշրջանում մենք խաղում էինք «Ռոստովի» դեմ և շատ հաճելի էր տեսնել դրոշներով հայ երկրպագուներին: Հուսով եմ, որ վաղը ևս նրանք ներկա կլինեն, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ գոլի խփեմ»,-ասել է Մխիթարյանը մամուլի ասուլիսում, գրում է rsport.ria.ru-ն:

Մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այն հանգամանքը, որ Մխիթարյանը մասնակցում է մամլո ասուլիսին, դեռ չի նշանակում, որ նա սեպտեմբերի 27-ին դաշտ դուրս կգա: «Դա ավելի շատ արվել է ռուսալեզու լրագրողների կյանքը թեթևացնելու համար: Ինչ վերաբերում է մասնակցությանը խաղին, ապա ես չգիտեմ, կխաղա նա վաղը թե ոչ: Նա լավ է խաղում, հիանալի խաղաշրջան է անցկացրել: Բայց հիմա այլ պատմություն է: Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մակարդակ է»,-ասել է Մոուրինյոն: