Հայաստանում կիբերանվտանգության դեմ պայքարը համակարգված չէ, իրականում շատ լուրջ խնդիր կա այստեղ: Այդ մասին հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Արմթեք-2017» համաժողովին լրագրողների հետ զրույցում:
«Օրինակ, Կենտրոնական բանկը բանկերին պարտադրում է ինչ-որ առումով և իրենք հետևում են ինչ-որ կանոնների, սերտիֆիկացիա են անցնում, ստանդարտների են հետևում և այլն։ Բայց այս ամեն ինչը շատ կցկտուր է», - ասաց Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը
Փորձագետի կարծիքով՝ այս հարցում խնդիրներ կան՝ սկսած օրենսդրական դաշտից, ինչը շատ հետ է ընկել վերջին փոփոխություններից հետո։ «Բացի այդ, խնդիր է նաև այն, որ կիբերանվտանգությունը կրթական համակարգ չի մտել։ Հայտնի վիճակագրական փաստ է, որ հարձակումների գերակշռող մասից կարելի էր խուսափել, եթե մարդիկ տարրական գիտելիքներ ունենային։ Դա ազգային մակարդակով խնդիր է», - ասել է Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ունի մեծ ենթակառուցվածքներ, որոնք կիբերհարձակման հետևանքով կարող են ազգային մակարդակով լուրջ խնդիրներ ունենալ.«Այստեղ պետք է ինչ-որ ձևով պետություն-մասնավոր հատվածի համագործակցություն ստեղծվի, որովհետև մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ կիբերհարձակումները կարող են բերել բավականին աղետալի հետևանքների»։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում վիճակագրություն գոյություն չունի, թե հարձակումներն ինչ չափի ֆինանասկան վնաս են հասցնում։«Մենք չգիտենք, օրինակ, թե Հայաստանում ինչ մակարդակի է կրիպտովիրուսների ներթափանցումը։ Եթե նույնիսկ ինչ-որ մարմինների կողմից վիճակագրություն հավաքվում է, չի հրապարակվում», - ասել է Սամվել Մարտիրոսյանը, ապա հավելել է, թե իրեն թվում է՝ վիճակագրություն չի էլ հավաքվում, քանի որ, ըստ նրա, Հայաստանում մասնավոր հատվածում ընդունված չէ դիմել ոստիկանություն։
Փորձագետի խոսքով՝ մարդիկ համարում են, թե կիբերհանցագործությունը վերացական մի բան է. «Ամենաերևացող մասը ադրբեջանցիների հարձակումներն են, որովհետև իրենք գովազդում են իրենց հարձակումները, բայց դա հիմա ամենաանհետաքրքիր հատվածն է, որովհետև իրենց մոտ խնդիր է դրված ուղղակի երևացող վնաս տալ։ Բայց այն հարձակումները, որոնք իրականացվում են բանկային հատվածի, պետական և այլ հատվածների վրա, շատ դեպքերում դրանց մասին իմանում ենք այլ երկրներում ինչ-որ զեկույցներից»։
Սամվել Մարտիրոսյանն ասել է որ թեև այս պահին Հայաստանի վրա լուրջ հարձակում չկա, բայց Հայաստանի նկատմամբ կիբերհանցագործության տեսանկյունից հետաքրքրությունը գնալով աճում է։ «Մեծանում է, որովհետև Հայաստանը դառնում է շուկա։ Բանկային մեծ համակարգն արդեն անցել է համացանց, մարդիկ օնլայն առևտուրով են զբաղվում, միջազգային կրիմինալը հետաքրքրված է Հայաստանով։ Մեծ շուկա չենք, բայց վատն էլ չենք», -եզրափակել է փորձագետը։