Վերջին տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը:
Անահիտ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա, հայտնում է Panorama.am-ը:
«63 տարեկան և բարձր մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է»,- նշել է նա,
Տարեցների հիմնահարցերի բաժնի պետի խոսքով՝ բնակչության մեջ տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով: Նա նշել է նաև, որ սա վկայում է ևս մեկ փաստի մասին, որ բնակչության մեջ աշխատող տարիքի մարդկանց թիվն է պակասում:
Անդրադառնալով նախարարության կողմից տարվող աշխատանքներին, Անահիտ Գևորգյանը նշել է, որ չմերժելով հինը՝ նոր մեթոդներ են կիրառում այս ոլորտում բարեփոխումների համար:
«Եթե մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը որդեգրել էր միայն տարեցների սոցիալական կարիքների, մասնավորապես՝ նյութական ապահովման բավարարման ուղղված քաղաքականություն, ապա այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում փոխել մարտավարությունը: Այսինքն տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ կենսակերպ՝ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Կկատարվի կարիքների գնահատում, ինչը հնարավորություն կտա, որ օգտագործվի նրանց ֆիզիկական, սոցիալական ու մտավոր ներուժը»,- մանրամասնել է նա:
Նա նկատել է, որ միջազգային փորձը փաստում է, որ ծերացման հիմնահարցերի ոլորտում արձանագրված հաջողությունները հիմնականում պայմանավորված են տարեցների համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովման, ողջ կյանքի ընթացքում կրթության ապահովման, ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովման, ինչպես նաև սոցիալական այլընտրանքային ծառայությունների ներդրման ուղղություններով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոններ: Առողջապահության նախարարությունը վերջին յոթ ամսում ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը: