Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն իր առաջին տարածաշրջանային այցը սկսել էր Արցախից: Հոկտեմբերի 4-ին նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր»,- նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը: